Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին բանակցություններն ամփոփել են հայտարարություններով: «Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կոնստրուկտիվ մթոնոլորտում: Մենք քննարկել ենք և երկկողմ հարաբերությունները, և տարածաշրջանային հարցեր: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին` Մեղրու ազատ տնտեսական գոտու, պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին: Խոսել և պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որ երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվացնենք: Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հարցերի վերաբերյալ: ՈՒրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է: Նորից ողջունում եմ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»,- ասել է Հայաստանի վարչապետ Կարեն կարապետյանը։
«Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները. սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել, և մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով: Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև: 2017-ին անցկացվել են երկկողմ բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ, անցած տարի Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը և մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք: Նաև անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց ՀՀ նախագահը, և ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են: Այցի նշանակության և հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները: Մեր պատվիարկության կազմում են նախարարներ, խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն: Մենք քննարկել ենք այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը և, իհարկե, աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: Մենք պատրաստ ենք առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևոր է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, և ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա: Իմ գործընկերն ընդգծեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որ բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանը կօգտագործի: Մենք ողջունում ենք նաև ՀՀ-ի ու ԵՄ-ի համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի:
Արձագանքում եմ այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են և իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում:
Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այսօրվա բանակցությունների արդյունքներից, մենք այսօր ամբողջ օրը կշարունակենք բանակցությունները տարբեր ուղղություններով, կանցկացվեն շատ անհրաժեշտ հանդիպումներ»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։